«Ես գրեթե վստահ եմ,որ մենք այժմ այս ահավոր ճգնաժամի հանգուլուծման շեմին ենք»,- ամերիկյան ABC News հեռուստաընկերության եթերում խոսելով Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների մասին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռուսաստանցի դիվանագետը նաև բացառել է Ռուսաստանի կողմից տարածքային զիջումները։ «Մոսկվան նաև կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը Ուկրաինայի տարածքում»,- ամերիկյան հեռուստաընկերության եթերում հավելել է Ռյաբկովը։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան ծրագրին նվիրված երկօրյա բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ և մահացու հակամարտությանը վերջ դնելու համաձայնագիրը, կարծես, ավելի մոտ է, քան երբևէ։
«Մենք փորձում ենք դա ավարտին հասցնել, և կարծում եմ՝ հիմա ավելի մոտ ենք», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասաց Թրամփը:
«Մենք բազմաթիվ զրույցներ ունեցանք Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինի հետ, և կարծում եմ, որ մենք հիմա ավելի մոտ ենք, քան երբևէ, և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել», - հավելեց Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշեց, որ վերջերս խոսել է Պուտինի հետ, սակայն մանրամասներ և զրույցի ժամկետների մասին տեղեկություն չի նշել։