65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ. խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կես տարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը: Այն խորհրդարան էր բերվել հրատապ կարգով և կտարածվի բացառապես հունվարից բանակ զորակոչվող երիտասարդների, այլ ոչ թե՝ արդեն ծառայության մեջ գտնվողների վրա:
Առաջին ընթերցման ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանն այստեղ որևէ անարդարություն չէր տեսել:
«Շատ արդար է, մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, ում զավակները գտնվում են ծառայության մեջ, պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերում է ապագայում ծառայողներին», - իր ելույթում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով. «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ. «Պաշտպան հայրենյաց» ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավարժ զերժանտական համակարգի ներդրում և այլն»:
Պաշտպանության նախարարությունն իր այս առաջարկը հիմնավորում է մեկ փաստարկով՝ ժամկետայինների ծառայությունը կես տարով կրճատում են պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման շնորհիվ և դրա համար արդեն գործուն քայլեր են արել, ընդդիմադիրները, սակայն, խնդիրներ են տեսնում այս կարևոր փոփոխության մեջ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ծառայության կես տարով կրճատումը համարում է նախընտրական մի քայլ: Նախորդ քննարկմանը պատգամավորը պնդել էր՝ բացի ժամետը կրճատելուց, այլ գործողություններ չեն արվելու, օրինակ՝ եթե պարտադիր զինծառայության ժամկետը կրճատում են՝ հենվելով պայմանագրայինների ռեսուրսի վրա, ի՞նչ պայմաններում են նրանք ծառայում: Երևանի կենտրոնում աշխատող պարեկն ավելի բարձր է վարձատրվում, քան՝ պայմանագրայինը, հակադարձել էր Աննա Գրիգորյանը: