Մատչելիության հղումներ

Բելառուսի ազատության մեջ հայտնված գործիչները հայտարարում են որոշումների համար չզղջալու, պայքարելու մասին


Ողջ կյանքում «արել եմ այն, ինչ համարել եմ ճիշտ և անհրաժեշտ», ու եթե Բելառուսն ունի իմ կարիքը, կփորձեմ ինչ-որ բան անել իմ երկրի համար, ասում է նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն: Մոտ հինգ տարի բանտում անցկացնելուց հետո նա շաբաթ ազատ էր արձակվել 122 այլ քաղբանտարկալների հետ, որոնցից շատերն անազատության մեջ էին հայտնվել 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերի ժամանակ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրանց ազատ արձակեց ԱՄՆ-ի հետ ձեռք բերված գործարքի շրջանակում, որով վերացվեցին Բելառուսի կալիումի արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները:

Վիկտոր Բաբարիկոն, որը ձերբակալվել էր 2020-ի հունիսին իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարելուց հետո և փողերի լվացման ու կոռուպցիայի մեղադրանքներով դատապարտվել 14 տարվա ազատազրկման, երեկ Ուկրաինայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի զղջում այն ժամանակ կայացրած որոշման համար՝ մարտահրավեր նետելու Լուկաշենկոյին, որն իշխանության է արդեն ավելի քան 30 տարի:

«Որոշումը ճիշտ էր այն պահին, երբ այն կայացվեց։ 2020 թվականին մենք արեցինք այն, ինչ կարող էինք անել։ Ես չեմ զղջում արածիս համար։ Մենք չպարտվեցինք, մենք հաղթեցինք: Մենք չստացանք մրցանակը, բայց մենք ավելի ուժեղ դուրս եկանք», - ասել է նա:

Ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել էր 2020-ի սեպտեմբերին և դատապարտվել 11 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու և ծայրահեղական գործունեության մեղադրանքով:

Ընդդիմադիր գործչին ձերբակալությունից մեկ օր առաջ առևանգել էին և ստիպել մեկնել Ուկրաինա, սակայն սահմանին պատռել էր անձնագիրն ու մնացել Բելառուսում: Կոլեսնիկովան երեկվա ասուլիսին վստահեցրել է՝ չի ափսոսում իր որոշումների համար, ապա հավելել, կհաստատվի Եվրոպայում, իսկ առաջիկա ամիսները մտադիր է անցկացնել ընտանիքի հետ և զբաղվել իր առողջությամբ. «Ո՛չ, ոչ մի բանի համար չեմ զղջում։ Կան ժամանակներ, երբ դու ստիպված ես դժվար ընտրություններ կատարել։ Ես պաշտպանել եմ իմ արժեքները, և ես միայնակ չեմ, մենք շատ ենք»։

Ընդդիմադիր գործիչները խուսափել են կալանավայրում պահման պայմաններից խոսել՝ բացատրելով, որ իրենց ասած ցանկացած բան կարող է բացասաբար ազդել դեռ այնտեղ գտնվողների վրա: Նրանք նաև ասել են, որ տեղյակ չեն, թե ինչու են իրենց մեծ մասին՝ 114 մարդու տեղափոխել Ուկրաինա. ազատ արձակվածներից միայն հինգն են Ուկրաինայի քաղաքացի:

Նախագահ Զելենսկին այսօր տեսակապով խոսել է քաղբանտարկյալների հետ և ասել, որ նրանք համապատասխան աջակցություն կստանան:

Ազատ արձակված քաղբանտարկյալներից ինը մեկնել է Վիլնյուս, այդ թվում՝ իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակակիր Ալես Բելյացկին, որը ձերբակալվել էր 2021 թվականի հուլիսին և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ ցույցերը ֆինանսավորելու և իրավապաշտպան գործունեության նպատակով ԵՄ-ից մաքսանենգ ճանապարհով կանխիկ գումար Բելառուս մտցնելու մեղադրանքով:

Լիտվա ժամանելուց հետո հայտնի իրավապաշտպանը Reuters-ի հետ զրույցում ասել է, որ հազարավոր մարդիկ դեռ անազատության մեջ են, հետևաբար իրենց պայքարը շարունակվում է, ու պետք է հասնեն նրան, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն. «Հազարավոր մարդիկ բանտարկվել են և շարունակում են բանտարկված մնալ։ Մեր գործընկերները, իմ գործընկեր Վալիանցին Ստեֆանովիչը, որն իրավապաշտպան է, նույնպես մնում է բանտում՝ չնայած իմ ազատ արձակմանը։ Հետևաբար մեր պայքարը շարունակվում է»:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտն այսօր հայտարարել է, որ Բեռլինն արագացված կարգով ապաստան կտրամադրի Մարիա Կոլեսնիկովային և Վիկտոր Բաբարիկոյին:

«Վիասնա» իրավապաշտպան խմբի տվյալներով՝ Բելառուսում 1100-ից ավելի քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ լրագրողներ և ակտիվիստներ: ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, նաև այլ կազմակերպություններ քանիցս դատապարտել են Բելառուսին ընդդիմադիրներին բանտարկելու համար՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Բելառուսցիներն ասում են, որ 123 քաղբանտարկյալի ազատ արձակումը դեռ չի նշանակում, որ երկրում բռնաճնշումները դադարեցվել են։

«Մենք պետք է հասկանանք, որ Բելառուսում դեռ 9 մլն մարդ կա, որոնք Ռուսաստանի օկուպացիայի և Լուկաշենկոյի ռեժիմի բռնապետության տակ են։ Քանի դեռ դա չի ավարտվել, 2020-ին սկսված այս բռնաճնշումները, ցավոք, կշարունակվեն շատ-շատ երկար ժամանակ», - ասել է քաղաքացիներից մեկը:

«Լուկաշենկոն ավելի շատ մարդ է բանտարկել: Ազատ արձակվողներն ասում են, որ քաղաքական պատճառներով բանտերում ավելի շատ մարդ կա, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտի», - հավելել է մյուսը:

Ամիսներ առաջ դարձյալ ԱՄՆ-ի միջնորդությամբ Լուկաշենկոն ևս մի քանի տասնյակ քաղբանտարկյալների էր ազատ արձակել, նրանց շարքում ընդդիմադիր առաջնորդ Սերգեյ Տիխանովսկուն ու «Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակիցների: Վերլուծաբանների համոզմամբ՝ Բելառուսի ավտոկրատ առաջնորդը փորձում է այս կերպ մեղմել Արևմուտքի վերաբերմունքն իր նկատմամբ:

XS
SM
MD
LG