Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 31 Ուկրաինայի քաղաքացիների, որոնք իր երկրում դատապարտվել էին քրեական հանցագործությունների մեղադրանքներով:
Բելառուսի նախագահի խոսնակ Նատալյա Էյսմոնտի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է «Ուկրաինայի խնդրանքով և որպես զարգացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածությունների՝ հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծելու համար»: Ազատ արձակվածների անունները չեն հրապարակվում:
Ուկրաինայի գերիների փոխանակման համակարգման կոմիտեն հաստատել է բանտարկյալների ազատ արձակման փաստը՝ հայտնելով, որ «Բելառուսում ձերբակալված կանայք և տղամարդիկ դատապարտվել էին 2-ից մինչև 11 տարվա ազատազրկման», և երախտագիտություն հայտնելով Թրամփին:
Ուկրաինացի պաշտոնյաների հավաստմամբ՝ այդ անձինք Բելառուսում անազատության մեջ էին հայտնվել ուկրաինամետ դիրքորոշման համար և մեղադրվում էին Ուկրաինային օժանդակելու մեջ:
Օրեր առաջ Լուկաշենկոն ներում էր շնորհել նաև երկու կաթոլիկ քահանայի՝ Անջեյ Յուխնեևիչին և Հենրիխ Օկոլոտովիչին: «Այդ որոշումն ընդունվել է Հռոմի Լևոն 14-րդ Պապի խնդրանքով՝ միտրոպոլիտ Իոսիֆ Ստանևսկու մասնակցությամբ, բարի կամքի ժեստի շրջանակում, ղեկավարվելով գթասրտության և մարդասիրության սկզբունքներով, հաշվի առնելով դատապարտյալների առողջական վիճակը, ինչպես նաև Սուրբ Աթոռի հետ Բելառուսի Հանրապետության հարաբերությունների զարգացման նպատակով», - ասել է Էյսմոնտը:
Այս տարվա հունիսին Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի այցից հետո Լուկաշենկոն ներում շնորհեց 14 դատապարտյալների, նրանց թվում՝ ընդդիմադիր գործիչ Սերգեյ Տիխանովսկուն, հուլիսին՝ ևս 16 մարդու:
Սեպտեմբերին Բելառուսի նախագահը ներում շնորհելու հրամանագիր ստորագրեց երկու անգամ, ազատ արձակվեց ընդհանուր թվով 77 մարդ, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իգոր Լոսիկը:
Լուկաշենկոն հայտարարել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ դեկտեմբերին անցկացվելիք նոր բանակցությունների մասին: