Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է անցած գիշեր 12 շրջաններում և Կասպից ծովում խոցված ուկրաինական 146 անօդաչու թռչող սարքի մասին։
Նախարարության տվյալներով՝ Ռոստովի մարզի հատվածում խոցվել է ութ ԱԹՍ։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտարարել է, որ Ռոստովի, Կամենսկի, Նովոշախտինսկի, Կոնստանտինովսկիի և այլ շրջաններ ենթարկվել են զանգվածային հարձակման։ Ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, մեքենաներ, տներ և մի քանի շենքերի պատուհաններ։
Կամենսկի շրջանում պոմպակայանը փակվել է էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառով։ Նա հայտնել է, որ Կամենսկի Զավոդսկոյ միկրոշրջանի, Մասլովկա գյուղի բնակիչները մնացել են առանց ջրի։
Ըստ Astra-ի՝ հավանական թիրախներից մեկը կարող էր լինել Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի մասնաճյուղը, որը գտնվում է Դոնի Ռոստովում հրդեհի վայրից երկու կիլոմետր հեռավորության վրա։