ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։
Փաթեթը ներառում է HIMARS համակարգեր, Javelin հակատանկային հրթիռներ, Altius անօդաչու թռչող սարքեր, հաուբիցներ և այլ սարքավորումներ։
Որոշումը կայացվել է մի փուլում, երբ Պեկինը սաստկացնում է ռազմական և դիվանագիտական ճնշումը Թայվանի վրա։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վաճառքը բխում է «Միացյալ Նահանգների ազգային շահերից», միաժամանակ հավելել, որ այն «կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության, ռազմական հավասարակշռության և տնտեսական առաջընթացի պահպանմանը»։
Թայվանի պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին, ընդգծելով, որ այս գործարքը կօգնի Թայվանին պահպանել «ինքնապաշտպանության բավարար կարողություններ»։ Գերատեսչությունը հավելել է, որ փաթեթը ներկայումս վերանայվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որն ունի գործարքը արգելափակելու կամ փոփոխելու իրավասություն։
Պեկինը մինչդեռ քննադատել է, զգուշացնելով, թե ամերիկյան զենքի վաճառքը հակասում է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական պայմանագրերին և կարող է լրջորեն վնասել Չինաստանի տարածքային ամբողջականությանը՝ խաթարելով տարածաշրջանային կայունությունը։