Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքի նախագիծը»՝ հավելելով, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան, փոխանցում է իրանական IRNA-ն:
Հաղորդվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հարավային Կովկասում։
Իրանցի պաշտոնյան ասել է, որ Իրանը ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն: Վելայաթին պնդել է, որ «միջանցքը կարող էր հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում՝ լուրջ անվտանգային ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսի և Ռուսաստանի հարավի համար»:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին այսօր խորհրդարանում «Ազատության» հարցին ի պատասխան անդրադարձավ Իրանից հնչող մտահոգություններին, պատգամավորն ասաց. «Մենք մեր Իրանի գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք, երբ լինում են նման անհանգստություններ, ակտիվ քննարկում ենք այդ հարցերը և փարատվում են: Կխոսենք, կհասկանանք՝ ինչն է խնդիրը»:
Փոխանցվում է, որ դեսպան Հակոբյաը հանդիպմանն իր հերթին ասել է, որ Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, նշել, որ Թեհրանի հետ կապերի ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է։
Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում, սակայն, չի նշվել Իրանի մտահոգությունների մասին: Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի վերջին զարգացումները: Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը: Հակոբյանն ընդգծել է, որ «ԹՐԻՓ ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները», - ասված է հայկական կողմի հայտարարությունում: