Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը փոփոխություն է կատարել Գերագույն հոգևոր խորհրդի կազմում։
«ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։
Ըստ Էջմիածնի՝ փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։
Գերագույն հոգևոր խորհրդի կազմի 21 անդամի ընտրությունը կատարվում է ըստ աշխարհամասերի․ 2 աշխարհական Հայաստանից, 2-ը՝ Արևելյան կիսագնդից և 1-ը Արևմտյան կիսագնդից։ 21 անդամներից երկուսը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը և Մայր Աթոռի դիվանապետը, ի պաշտոնե անդամ են։ Մնացյալ 19-ից 12-ն ընտրվում են, իսկ 7-ը նշանակվում Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։
Եկեղեցական ընտրելի անդամների համար սահմանվել է 2 անձ Հայաստանից և 5-ը՝ Սփյուռքից։ Այսպիսով՝ ԳՀԽ անդամներն ընդգրկվում են ըստ աշխարհամասերի և թեմերի մեծության։
Ի պատասխան կաթողիկսի հրաժարականը պահանջած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները հայտարարել են, որ դեկտեմբերի 15-ին Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է խորհրդի կազմում նրանց լիազորությունները՝ չնշելով հիմքերը և պատճառները։
Սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով 2017 թվականի հունիսի 6-8-ը Մայր Աթոռում հրավիրված Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի կողմից։
«Ըստ վերոհիշյալ կանոնադրության՝ երկու տարին մեկ անգամ պետք է հրավիրվի ԵՆԺ ժողով և ԳՀԽ կանոնադրության համաձայն՝ չորս տարին լրացած անդամի լիազորությունները դադարելու դեպքում պետք է կատարվի ԳՀԽ անդամների նոր ընտրություններ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի լիազորությունների սահմաններում երկու տարին մեկ պետք է հրավիրվեր ԵՆ ժողով և կատարվեր ԳՀԽ անդամների նոր ընտրություններ», - նշել են նրան՝ մերժելով այս փոփոխությունը: