Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում պատգամավորներին հորդորեց 2-րդ ընթերցմամբ կողմ քվեարկել առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթին: Ասաց՝ առաջին ընթերցումից հետո որոշ խմբագրումներ են արվել:
Դրանցից մեկն, օրինակ, այն է, որ ապահովագրության համար աշխատվարձից պահումներ կարվեն ոչ թե հունվարի, այլ դեկտեմբերի աշխատավարձերից: Նախարարը նաև վստահեցրեց՝ 65+ տարիքի քաղաքացիներն առաջին անգամ կօգտվեն բուժծառայությունների ընդլայնված փաթեթից, որը կուղղվի առաջին անհրաժեշտության դեղերին, բուժօգնությանն ու հետազոտությանը:
«Այս բարեփոխման արդյունքում պետության կողմից մոտ մեկ միլիոն 400 հազար հոգի ամբողջությամբ կընդգրկվի պետության բյուջետային միջոցների հաշվին առողջապահության ապահովագրական համակարգում: Առաջին խումբը կլինեն 201 հազար դրամից ավելի ստացող քաղաքացիները, հունվարի 1-ից նրանց համար ևս կակտիվանա ապահովագրական փաթեթը», - ներկայացրեց նախարարը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դժգոհեցին՝ ինչո՞ւ առաջին փուլում այդպես էլ չներառվեցին 63-64 տարեկան թոշակառուները, ի՞նչ տարբերություն նրանց և 65+ տարիքի քաղաքացիների միջև, ի վերջո Հայաստանում մարդիկ թոշակի անցնում են 63 տարեկանից: Ավանեսյանն ասաց՝ դրա համար հավելյալ 9 միլիարդ դրամ է հարկավոր, այս փուլում դա հնարավոր չէ, հաջորդիվ կդիտարկեն:
Ընդդիմադիր Արմենուհի Կյուրեղյանը պնդեց՝ 5 տարի ձգձգվեց ու 15 օրում միանգամից ներդրվեց ապահովագրության շատ կարևոր համակարգը, որով ձախողվելու են, օրինակ, մասնավոր ապահովագրություն ունեցող քաղաքացիների արդեն կնքված պայմանագրերը:
«Ձեր բերած օրենքից բխում է, որ հունվարից սկսած այն քաղաքացիները, ովքեր մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրեր ունեին, և այդ ծառայությունների մեջ մտնում էին փաթեթում ներառված ծառայությունները, ապա նրանք պետք է դա թողնեն և դիմեն միայն պետական ապահովագրության ծառայություններին: Միգուցե մենք կարողանանք հնարավորություն ստեղծել այդ պայմանագրերի գործունեության ժամկետից հետո միայն սա կիրառել նոր կնքվող պայմանագրերի վրա և քաղաքացուն թողնել ընտրությունը», - առաջարկեց Կյուրեղյանը:
Նախարարը պնդեց՝ համակարգի կիրառումից հետո առաջին 6 ամիսներին ուսումնասիրություններ կանեն, առաջ եկած խնդիրները կքննարկեն ու ըստ այդմ փոփոխությունների առաջարկով խորհրդարան կգան: «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն ասաց՝ քաղաքացիներն իրեն հարցեր են գրում, բայց դրա պատասխաններն ինքն էլ չի կարողանում ստանալ:
«Այն, որ գումարը պիտի տան, դա հասկացանք: Ինչ տրամաբանությամբ պետք է տան, դա էլ հասկացանք, բա ինչի՞ դիմաց պետք է տան այդ գումարը: Հարցնում են՝ այսինչ վիրահատությունը փոխհատուցվելո՞ւ է, այսինչ ծառայությունը, վիրահատությունը, դեղերը, չգիտեմ ինչ պատասխանել: Արդեն երկրորդ ընթերցումն է, օրենքը պիտի հաստատվի, այդպես էլ չիմացանք՝ մարդիկ գումարը տալիս են, դրա դիմաց ինչ ծառայություն են ստանում, չէ՞ որ սա ֆունդամենտն է ամբողջ պրոցեսի», - ասաց պատգամավորը:
Ծանրաբեռնվելու են հիվանդանոցները, պոլիկլինիկաները, բայց բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացման մասին ոչ մի խոսք չկա, ասացին ընդդիմադիր պատգամավորները: Արմենուհի Կյուրեղյանը կարծում է, որ մարզերից մեծ հոսք է լինելու դեպի Երևան, առաջարկեց համակարգել այդ հոսքը:
Անահիտ Ավանեսյանը կտրուկ դեմ էր պնդումներին, թե իրենք ձախողել են ապահովագրության կարևոր փաթեթն, ու որ այն լուրջ և անլուծելի խնդիրներ է ստեղծելու մարդկանց համար:
«Ի՞նչն ենք տապալում, որ 2010-ական թվականներին պետական բյուջեի սոցփաթեթով 10 միլիարդ դրամ դուրս գրվեց և ապահովագրական ընկերությունների կողմից հետո 6 միլիարդը գնաց որպես շահույթ, սա էր տապալումը: Մենք բժշկական կենտրոնների վրա վերջին տարիներին 40 միլիարդ կապիտալ ծախսեր ենք արել:
Տիկի՛ն Գրիգորյան, ես հասկացա, որ Ձեզ փաթեթն այն ժամանակ էլ հետաքրքիր չէր, որովհետև այն հրապարակված է: 63-64 տարեկանների հետ կապված առաջարկն էլ օր առաջ ուժի մեջ կմտնի, եթե ձեր խմբակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ չսպասեն գույքի բռնագանձման որոշումներին և ավելի շուտ վերադարձնեն տարիներով գողացած գումարները», - եզրափակեց նախարարը: