Միջամտությո՞ւն Հայաստանի ներքին գործերին, թե՞ ժողովրդավարության պաշտպանություն. իշխանությունն ու ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության վերաբերյալ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ են հայտնում:
Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը երեկ հայտնեց՝ Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարի համար: Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ շատ մանրամասներ չէր հայտնել: Արդեն այսօր ընդդիմադիրների քննադատության ֆոնին արտաքին գերատեսչության խոսնակն է «Արմենպրեսին» հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ներառում է նաև ընտրական գործընթացը:
«Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի», - ասել էր Անի Բադալյանը:
Այլ մանրամասներ Արտգործնախարարության խոսնակը չի հայտնել:
Ըստ Ռուբինյանի՝ սպառնալիքները շատ ակնհայտ են
Ի՞նչ հիբրիդային սպառնալիքների մասին է խոսքը, և որ երկրից կամ երկրներից են դրանք գալիս. Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հարցը զարմացնում է: Ըստ նրա՝ սպառնալիքները շատ ակնհայտ են, օրինակ, ասում է՝ կայքեր են բացվում, կեղծ լուրեր՝ տարածվում:
Հարցին՝ արտաքին միջամտությունը սա՞ է, որի դեմ պայքարի համար իշխանությունը դիմել է Եվրամիության օգնությանը, Ռուբինյանը պատասխանեց. «Կամ կարող է լինել ապօրինի ֆինանսների օգտագործում...հարցը անհանգստացնել-չանհանգստացնելու մասին չէ, տեսնում ենք հավանականություն, որ կարո է լինել միջամտության փորձ, և այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում ենք»:
Իշխանությունը Ռուսաստանի՞ց է վտանգներ տեսնում, Ռուբեն Ռուբինյանը կոնկրետ երկրի անուն չտվեց: Իսկ համաձա՞յն են Եվրամիության պաշտոնյաների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերի ու ԵՄ արտգործնախարարի հետ, որ արտաքին միջամտությունը Ռուսաստանից է գալիս:
«Ռուսաստանը և նրա պրոքսիները արդեն իսկ ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները Հայաստանում հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեսել էինք գործի դրված Մոլդովայում, այսինքն՝ ձեռագիրը նույնն է։ Եվրոպական միության ֆինանսավորումը կներառի նաև օտարերկրյա միջամտությունների հայտնաբերումը, վերլուծությունը և դրանց արձագանքը», - հայտնաբերել էր ԵՄ արտգործնախարարը:
«Ես չեմ լսել, որ իրենք այդպիսի բան են ասել: Ես ասում եմ ցանկացած արտաքին միջամտության փորձ», - նշեց Ռուբինյանը:
Ընդդիմությունից սուր են արձագանքում
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարին իշխանության հիմնավորումները չեն համոզել: Հայկ Մամիջանյանն ասաց՝ իրենց խմբակցությունը սա համարում է ուղիղ միջամտություն երկրի ներքին գործերին. «Ընտրական գործընթացի համար անհասկանալի տրամաբանության մեջ ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն: Եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով նկատի ունեն, որ ՀՀ-ում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի և Թուրքիայի համար, նկատի ունեմ Փաշինյանին, ապա այո, այդ տրամաբանության մեջ առկա է Հայաստանում արտաքին ներգործություն: Ցանկացած այլ տրամաբանություն ես չեմ հասկանում»:
«Միջամտության հարց չի կարող լինել ՀՀ ներքին գործերին, որովհետև սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, իսկ ընդդիմադիր գործընկերներին ներքին միջամտության տեսանկյունից ես կուզենայի, որ հարցնեիք՝ արդյոք օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքական կյանքին ի՞նչ գնահատական դրան կտան», - հավելեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Պակաս սուր չեն արձագանքել նաև արտախորհրդարանական ընդդիմությունից: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պնդել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է «պրոքսի» պատերազմի մեջ:
«Փաշինյանը, փաստորեն, իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող «հիբրիդային» պատերազմի զինվորներ և Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար: Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն», - նշել է նա:
Ըստ Զուրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնելով ընդդիմությանը, Եվրամիությունից «կանաչ լույս» է ակնկալում ընտրությունների արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար: Նման կարծիքի է նաև հանրապետական Հայկ Մամիջանյանը:
«Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյալ, որոնց և մեզ ներառյալ անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապված, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցված չկա, նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ովքեր հիմա ապօրինաբար որպես քաղբանտարկյալ շինծու հոդվածով անազատության մեջ, նույնիսկ իրենց համար կարվել են այլ հոդվածներ, իրենց համար չի գրվել, որ ինչ-որ արտաքին ներգործություն և այլն... Փաշինյանը այդպես էլ չի հասկանում, որ ինքը այլևս ծախու խմբագիր չէ», - շեշտեց նա:
Թե Եվրամիությունը երբ կհատկացնի խոստացված 12 միլիոն եվրոն, ու ինչ ծրագրերում դա կօգտագործվի, ովքեր կլինեն շահառուները, առայժմ չի հայտարարվել: