Բեռլինում երկօրյա բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն, Ուկրաինան և Եվրոպան մշակել են անվտանգության երաշխիքների վեց կետանոց փաթեթ, որով Արևմուտքը պարտավորվում է մշտապես ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, իսկ երկրի վրա հարձակման դեպքում արձագանքել ռազմական, հետախուզական և այլ միջոցներով:
Առաջարկով ԱՄՆ-ի աջակցությամբ և Եվրոպայի ղեկավարմամբ Ուկրաինայի դաշնակիցները կձևավորեն բազմազգ ուժեր, որոնք կարող են գործել Ուկրաինայում, որը խաղաղ ժամանակ կարող է մինչև 800,000 զորք ունենալ՝ մոտ 100,000-ով պակաս, քան հիմա:
ԱՄՆ-ի գլխավորությամբ և դաշնակիցների մասնակցությամբ նաև կստեղծվի հրադադարի մշտադիտարկման մեխանիզմ, Ուկրաինայի վերակառուցման համար ներդրումներ կարվեն, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, ԵՄ-ում ռուսական ակտիվները կմնան սառեցված, դաշնակիցները կաջակցեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
Բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահն ասել է, որ շատ մոտ են անվտանգության ամուր երաշխիքներ ստանալուն, որոնք նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, երբ դաշինքի անդամները պարտավորում են օգնել հարձակման ենթարկված անդամին:
Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հիմա կան թղթի վրա առաջարկներ, որոնք իրականություն կդառնան, երբ ԱՄՆ կոնգրեսը հաստատի դրանք: Տարածքների զիջումը մնում է ցավոտ հարց, ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ-ն կօգնի փոխզիջման հասնել:
«Կարծում եմ, որ տարածքների հարցը ցավոտ է, քանզի Ռուսաստանը ցանկանում է այն, ինչ ցանկանում է, և մենք չենք կարող առաջ շարժվել, քանզի սա երկար երկխոսություն է», - ասել է Զելենսկին։
Գերմանիայի կանցլերն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անվտանգության գերազանց երաշխիքներ է առաջարկել, և իրական խաղաղությունն այժմ ավելի մոտ է, քան երբևէ եղել է պատերազմի սկսվելուց հետո: Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ գլխավոր հարցը մնում է տարածքների զիջումը, որը բացառապես Ուկրաինայի որոշելիքն է:
«Այս հարցի պատասխանը կարող են տալ միայն ուկրաինացի ժողովուրդն ու Ուկրաինայի նախագահը... Այստեղ ևս լիովին համաձայն ենք։ Ուկրաինան կորոշի տարածքային նման զիջումների հարցը», - նշել է Մերցը։
Բեռլինում «իրական և կոնկրետ առաջընթաց» է գրանցվել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, իր հերթին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Կիևի, Վաշինգտոնի և Եվրոպայի գործողությունների համաձայնեցումն է «երկարատև խաղաղության հասնելու բանալին, որը կպահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը»: Եվրոպացի պաշտոնյան ևս շեշտել է՝ տարածքների հարցում որոշում պետք է կայացնի Ուկրաինան։
«Անվտանգության այս երաշխիքները պետք է հիմնված լինեն անսասան սկզբունքների վրա։ Մենք կհարգենք որոշումները, որ Ուկրաինան կկայացնի իր համար։ Տարածքների վերաբերյալ որոշումները պետք է կայացնի Ուկրաինան և միայն Ուկրաինան», - ընդգծել է Լայենը։
ԱՄՆ նախագահը Զելենսկիի և եվրոպացի մի շարք առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո իր հերթին հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների մասով աշխատում են Եվրոպայի հետ, որը հսկայական աջակցություն է ցուցաբերում և մեծ դեր կխաղա Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու հարցում: Դոնալդ Թրամփը շեշտել է՝ խաղաղության գործարքը հիմա ավելի մոտ է, քան երբևէ:
«Կարծում եմ՝ մենք հիմա ավելի մոտ ենք գործարք կնքելուն ... Քանիցս զրուցել եմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, և կարծում եմ, որ մենք հիմա ավելի մոտ ենք, քան երբևէ եղել ենք», - ասել է Թրամփը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ամերիկյան ABC News-ին ասել է, թե գրեթե վստահ է, որ «ճգնաժամի հանգուցալուծման շեմին» են: Ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում էլ ասել է, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը և պատրաստ չէ տարածքային որևէ զիջման:
Կրեմլի խոսնակն ասել է, որ դեռ ծանոթ չեն անվտանգության երաշխիքների նոր փաթեթին, իսկ Սուրբ ծնունդին հրադադար հաստատելը, ինչպես խնդրել է Ուկրաինան, կախված կլինի նրանից, թե արդյոք խաղաղության համաձայնագիր կկնքվի, թե ոչ։