Մատչելիության հղումներ

«Պատերազմի փոխարեն առևտուր ենք անում». ադրբեջանական բենզինը շուտով կհասնի Հայաստան

Լրացված

Արտապատկերում APA-ի տեսանյութից
Արտապատկերում APA-ի տեսանյութից

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ բենզինով բեռնված 22 վագոն Ադրբեջանից արդեն դուրս է եկել և ուղևորվում է դեպի Հայաստան: Ըստ նախարարի, վառելիքը առաջիկա օրերին կհասնի Հայաստան:

Ադրբեջանից Հայաստան է ներկրվում SOCAR-ի АИ-95 տեսակի բենզին, որը Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ որակական բարձր ցուցանիշներ ունի:

«Եթե բիզնեսը շարունակեց բերել և գները իջան, ուրեմն մրցունակ է, եթե գները չիջնեն, ենթադրում եմ, բիզնեսը չի էլ բերի», - ասաց նախարարը, պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական բենզինը մրցունակ կլինի՞:

Թե ինչո՞ւ է ներկրվում հենց 22 վագոն բենզին, նախարարն ասաց, որ ադրբեջանական բենզինը գնած ընկերությունը կամ ընկերություններն իրենք են որոշել առաջին խմբաքանակը հենց այդ չափով ներկրել: Ենթադրում է, որ խոսքը 1300 տոննայի մասին է:

Գևորգ Պապոյանը առայժմ փակագծեր չի բացում, թե որ ընկերությունը կամ ընկերություններն են Հայաստան ադրբեջանական նավթ ներկրում: Ադրբեջանական բենզինը գնած ընկերությունների անունները կհայտարարվի Հայաստան ներկրումից հետ :

«Պրոցեսը գնացել է, եկեք ֆիքսենք, որ պատերազմի փոխարեն, առևտուր ենք անում: Պատերազմը կորուստներ է, առևտուրը՝ բարեկեցություն», - նշեց նա:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ խաղաղությունը հաստատված է մի քանի մակարդակում, ոչ միայն այլևս չեն կրակում իրար վրա և զինվորներ չեն զոհվում և առհասարակ կրակոց չկա գյուղերում, այլ նաև բիզնեսն է աշխատում. «Էնտեղ, որտեղ փող են աշխատում մարդիկ, դա նշանակում է, որ այդտեղ խաղաղությունը հաղթել է»:

Հարցին, թե արդեն պայմանավորվածություն կա՞ այլ ապրանքատեսակների ներկրման հետ կապված, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ ընթացքի մեջ են, թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը, Պապոյանն ասաց՝ երբ ադրբեջանական կողմը կհայատարարի այդ մասին, հայկական կողմը նոր կհաստատի:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Ես ողջունում եմ այս զարգացումը, առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց իհարկե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար»:

Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ապա Փաշինյանն ասաց, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան և հույս ունեն, որ այդ հարցերը կկարգավորվեն:

«Եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսավարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումը ապահովելու համար»:


XS
SM
MD
LG