Հայաստանի չեմպիոն «Նոան» դարձավ հայկական առաջին ակումբը, որը կխաղա եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։
«Նոա» ՖԱ ավագ Հովհաննես Համբարձումյանն «Ազատության» «Էմոցիաները միայն լավն են, շատ էմոցիոնալ եվրոպական տարի ստացվեց այս տարին։ Պատմություն կերտեցինք, դրանից ավելի երևի ոչ մեկ չէր սպասում ու հպարտ ենք, որ կարողացանք անցնել փլեյ-օֆֆ ու շարունակում ենք պայքարը»։
Ֆուտբոլային ակումբի պաշտպան Նաթանայել Սաինտինին էլ նշեց. «Շատ երջանիկ ենք, հրաշալի զգացողություն է դառնալ հայկական առաջին ակումբը, որն անցել է եվրոպական մրցաշարի փլեյ–օֆֆ։ Այժմ մենք մի փոքր կհանգստանանք և գալիք հանդիպումներին ավելի ուժեղ կվերադառնանք։ Անձամբ ինձ համար շատ երջանիկ պահ է։ Միշտ հաճելի է խաղալ այսպիսի լավ հանդիպումներում, բայց չպետք է մոռանանք, որ սա դեռ ավարտը չէ»։
«Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին՝ 6-րդ տուրում Ուկրաինայի գործող չեմպիոն Կիևի «Դինամոն» 2։0 հաշվով Լեհաստանում հաղթեց Երևանի «Նոա»-ին։ Չնայած պարտությանը, հայկական ակումբը մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը զբաղեցրեց՝ իրավունք ստանալով շարունակելու պայքարը եվրոպական հեղինակավոր մրցաշարում։
«Նախ շնորհավորում եմ ֆուտբոլիստներիս հայաստանյան ակումբի՝ առաջին անգամ փլեյ-օֆֆ հասնելու պատմական նվաճման կապակցությամբ։ Իմ կարծիքով սա իսկապես մեծ հաջողություն է և ես շատ հպարտ եմ դրանով։ 8 միավոր լիգայի փուլում, երկու հաղթանակ, երկու ոչ ոքի, երկու կորուստ, ես կարծում եմ, որ մենք արժանի էինք անցնել փլեյ օֆֆ», - ասաց թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։
ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը սա աննախադեպ նվաճում է համարում հայկական ֆուտբոլի համար։
«Հայկական ակումբները երկար ժամանակ չէին կարողանում Եվրոպայում շատ առաջ գնալ, բայց վերջին տարիներին հասնում էինք որակավորման երկորդ փուլ, երրորդ փուլ, հետո արդեն խմբային փուլ, հիմա արդեն մի տեղ է «Նոան» հասել, որ առաջ ոչ ոք չի եղել, այսինքն անցումային փլեյ-օֆֆ-ում։ Սա ակումբի տեսանկյունից էլ պետք է դիտարկել։ «Նոա»-ն նախորդ մրցաշրջանում պարզապես մասնակցում էր լիգայի փուլին, հիմա նաև հաղթահարեց այդ փուլը, այսինքն՝ մեկ քայլ առաջ կատարեց։
Շատ կարևորում եմ, որ հայ երկրպագուն գարնանը նույնպես կունենա եվրոպական ֆուտբոլ դիտելու հնարավորություն՝ հայկական թիմի կողմից։
«Նոա»-ի ամեն հաղթանակը, ամեն վաստակած միավորն ավելացնում է հայկական ֆուտբոլի վարկանիշը բոլոր երկրների վարկանիշային աղյուսակում։ Այսինքն՝ դա հնարավորություն է տալիս հետագայում, որ հայկական թիմերը ավելի հեշտ մրցակիցներ ստանան, պայքարը սկսեն ոչ թե Կոնֆերենցիաների լիգայից, այլ Եվրոպա լիգայից։ Այդ առումով բոլոր հայկական թիմերին է սա օգուտ։ Նաև «Նոա»-ի կազմում խաղացող ուժեղ արտասահմանցի ֆուտբոլիստները մեծացնում են մրցակցությունը ներքին առաջնությունում, միանշանակ, դա օգուտ է նաև Հայաստանի առաջնությանը», - ընդգծում է մեկնաբանը։
Եվրոպական հեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆում մասնակցելու հնարավորություն ստացած «Նոա»-ն Հայաստանի ամենաերիտասարդ ֆուտբոլային ակումբներից է, հիմնադրվել է է 2017 թվականին: