Ավինյանն առաջարկում է կանաչապատում Երևանից դուրս. ընդդիմությունը քաղաքում կտրած ծառերն է հիշեցնում

Երևանի վատ օդի պատճառը, ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, աշխարհագրական դիրքն է։ Այսօրվա նիստում էլ օդի հարցն էր քննարկվում, խոստացան, որ օդի աղտոտվածությունը կրճատելուն միտված նախագծեր կներկայացնեն առաջիկայում:

Մի առաջարկ էլ քաղաքապետն ուներ. «Դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք թեկուզ որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք բերում են այդ սմոգը, օդը դեպի քաղաք»:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանը տարիներ շարունակ պնդում է՝ օդի աղտոտվածությունը «լեգենդ» չէ, և միակ պաշտպանող վահանը ծառերն են, որոնք վերջին տարիներին անողոքաբար հատվեցին. «Այն խնդիրները, որոնք առկա են Երևանի ներսում, Երևանից դուրս լուծել պետք չէ»:

Մայրաքաղաքից դուրս կանաչ պատնեշ, իհարկե, պետք է, ասում է Վարդանյանը՝ հավելելով՝ իսկ ինչո՞ւ զանգվածաբար հատվեցին հենց Երևանի, մասնավորապես կենտրոնի սաղարթախիտ ծառերը։

«Միակ վահանը, որը պաշտպանում է բնակչության առողջությունը ամենավտանգավոր մասնիկներից, ծառերի սաղարթներն են: Երևան քաղաքում՝ կենտրոնում, հնձվեցին ուղղակի լայնասաղարթ հասուն ծառերը: Փողոցի կանաչապատումը այգիներում, պուրակներում 10 հատ ծառը չէ, դա օդափոխության միջանցքներ են, որոնք կապում են իրար տարբեր հատվածներ և մղում են օդը՝ ապահովելով օդափոխությունը: Հիմա հանելով այդ ամբողջ համակարգը և տասնյակ տարիներով կոտրելով Երևանի կանաչ կմախքը ասել, որ մեզ պետք է Երևանի մուտքում երրորդ օղակը ձևավորել, դա ուղղակի պատկերացում չունենալ է, թե ինչ է նշանակում կանաչ կմախք: Երևանի կենսական հարցը լանջերի կանաչապատումն է: Սարալանջը կարգի բերեք, այդտեղ ծառերի շերտեր սարքեք, ծածկեք հողային մակերեսները», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում օդի աղտոտվածությունը մտահոգիչ է մնում


Ավինյանը պնդում է, որ վերջին երեք տարիներին Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 44 հեկտարով՝ գերազանցելով նախորդող 22 տարիներին կանաչապատման ուղղությամբ արված աշխատանքները: Բնապահպանը, սակայն, հիշեցնում է՝ մայթեզրերի ծառերը, որոնք փոշի էին կլանում, հատվել ու փոխարինվել են դեկորատիվներով: Քաղաքապետարանի բացատրությանը, թե դրանք այլևս պիտանի չէին, Վարդանյանն առաջին անգամ չէ, որ հակադարձում է:

«Մենք 2020-21թթ. քարտեզագրում իրականացրինք Կենտրոն վարչական շրջանում: Որևիցե ծառ հատման ենթակա չի եղել: Ես չգիտեմ՝ Տիգրան Ավինյանից հետո ինչ պատահեց, որ մեր ծառերը փողոցներով դարձան հատման ենթակա: Մենք 5 անգամ ավելի պակաս ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ ունենք, և այսպիսի ծանրագույն վիճակում գտնվող կանաչ ֆոնդի պարագայում ուղղակիորեն սպառնալիք է բնակչության, կյանքի որակի և կյանքի տևողության համար», - շեշտեց նա:

Սաղարթի պակասը՝ մի կողմից, շինհրապարակներից տարածվող փոշին էլ մյուս կողմից են խեղդում երևանցիներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հակագազո՞վ, թե՞ բժշկական դիմակով տնից դուրս գանք». Երևանում օդն ավելի քան կեղտոտ է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և բարելավվում մարտի կեսերից. քաղաքապետ

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության ղեկավարի պաշտոնակատարն այսօր հայտնեց, որ երեկվանից սկսած տարածաշրջան է ներթափանցել քամի, որի արդյունքում օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել:

Բնությունն իրենն անում է, իսկ մա՞րդը. բնապահպանները տևական ժամանակ է քաղաքն աղտոտող շինհրապարակների փոշու մասին են խոսում, քաղաքային իշխանությունից պահանջում անբարեխիղճ կառուցապատողներին զրկել շինթույլտվությունից։ Քաղաքապետարանում այսօր այդ հարցը չշրջանցվեց. նախազգուշացրել են, Ավինյանին այսօր օրինակելի կառուցապատողներին ներկայացրին։

Իսկ քաղաքապտարանի աշխատակիցը՝ ավտոբուսի վարորդը, պատասխանատվության է ենթարկվել՝ երեկ մայրաքաղաքը ծխահարելու համար։ Հետևից հսկայական ծուխ արձակող ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ։ Համացանցում քննարկվող այս տեսանյութը քաղաքապետին էլ էր վախեցրել. «Այնպիսի տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է»:

Երևանում օդի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկն էլ մեքենաների արտանետումներն են։ Այս հարցի վրա, սակայն, այսօր քաղաքապետարանում չծանրացան, բավարարվեցին երևանցիներից ներողություն խնդրելով։