Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով

Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք: Ըստ փաստաբան Արսեն Բաբայանի՝ Արշակ արքեպիսկոպոսին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Արշակ արքեպիսկոպոսի կալանքի միջնորդության հարցը քննում էր դատավոր Մասիս Մելքոնյանը, ով ամիսներ առաջ կալանավորել է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք գործիչներին:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու համար: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է: Փաստաբան Արսեն Բաբայանը «անհեթեթ» է համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը և պնդել, որ Արշակ սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտադիր են շարունակել խաչերթերն ու բողոքի ակցիաները

2018թ. հունիսին կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաներ ու խաչերթեր էին անցկացվել: Հրաժարականը պահանջող խմբի անդամները պնդում էին՝ Գարեգին Երկրորդն իրականությունից կտրվել է, որպես հոգևոր առաջնորդ նա այլևս ընդունված ու սիրված չէ ժողովրդի կողմից։